BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Այնպես չէ, որ մեդալներ չունենք

Այնպես չէ, որ մեդալներ չունենք
27.09.2013 | 12:37

Էստոնիայում ընթացող ծանրամարտի երիտասարդական առաջնությունը (20 և 23 տարեկաններ) արդեն անցել է ճանապարհի կեսը: Այդ ճանապարհի առաջին հատվածն անցել են և Հայաստանի պատվիրակները: Ճիշտ է, ոչ առանձնակի շուքով, բայց և ոչ էլ առանձնապես ստվերում մնալով: Թերթի էլեկտրոնային տարբերակում մենք օպերատիվորեն անդրադառնում ենք մեր մարզիկների մրցելույթին, սակայն հարգալից լինենք նաև տպագիր խոսքին նախապատվություն տվող ընթերցողների նկատմամբ, բավարարենք նրանց պահանջը ևս:

ԵՎ այսպես` քսան տարեկանների մրցությունում մեր երկրին առաջին մեդալը բերեց երևանցի Սմբատ Մարգարյանը` երկամարտում 241 (104+137) կիլոգրամ արդյունքով դառնալով երրորդ մրցանակակիր: Ցավով պիտի ասել, որ շնորհալի այս երիտասարդը, ով դեռևս իր տասնյոթում երկամարտի 255 (109+146) կիլոգրամով եղել է մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն, այդպես էլ լիարժեք չի կարողանում ազատվել իրեն հետապնդող վնասվածքներից, չի կարողանում էապես բարելավել ցուցանիշները մասնավորապես պոկում վարժությունում, իսկ մարզիչներն էլ Աստծո տված իրենց իմացության սահմաններում անկարող են որևէ շտկում կատարելու: Փաստորեն մեդալ բերելու միակ հույսը մնում է Սմբատի պոռթկումը երկրորդ վարժությունում: Ի դեպ, եթե հրումում կարողանար երրորդ մոտեցման ժամանակ սանձել 145 կգ կշռող ծանրաձողը, նվազագույնը կարելի կլիներ մեծ արծաթ ակնկալել, սակայն մեծ բրոնզը մնաց այդպիսին, իսկ թե վարժության համար փոքր արծաթը ինչքան մեծ ուրախություն է, գիտեն միայն մարզիչներն ու նրանցից հաշվետվություն ընդունողները:
Երկամարտում բրոնզե մրցելույթներ ունեցան նաև Իզաբելա Յայլյանն ու Վլադիկ Կարապետյանը (20 տարեկաններ): Իզաբելան, ով հանդես եկավ 58 կգ քաշային կարգում, հանրագումարում ցույց տվեց 182 (82+100) կգ արդյունք` մեծ բրոնզին ավելացնելով նաև պոկում վարժության փոքր բրոնզը: Դժվար է ասել` մարզիկը կկարողանա՞ր խառնվել ավելի ազնիվ մետաղներից ձուլված մեդալների համար պայքարին, եթե վեց մոտեցումներից արդյունավետ չլինեին միայն երկուսը: Համենայն դեպս, մոտեցումների այսպիսի բարձր տոկոսային ձախողումը տագնապեցնող է:
Հարկավ ուրախացրեց Վլադիկ Կարապետյանը, ով մի փոքր բրոնզե մեդալ էլ վաստակեց հրում վարժությունից, սակայն երկամարտի 288-ը (127+161) երրորդ տեղը գրաված վրացի Շոթա Միշվելիձեի 308-ի ֆոնի վրա հուսահատեցնող է: Թվում էր, թե կարող էր ուրախացնել նույն քաշային կարգում հանդես եկած Վարդան Միլիտոսյանը, սակայն նրա չորրորդ տեղը ավելի ասուն է (երկամարտի նրա 285-ը կազմվել է 130-ի ու 155-ի գումարից): Համենայն դեպս, նշենք, որ Վարդանը պոկում վարժությունում արժանացել է փոքր բրոնզի:
Սիրտ պատռող ելույթ ունեցավ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Ռազմիկ Հունանյանը (20 տարեկաններ), ով աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն է: 77 կգ քաշային կարգում նա երկամարտում ցույց տվեց 329 կիլոգրամ` նվաճելով չեմպիոնի կոչումը: Նա մեկ ոսկի էլ շահեց հրում վարժությունում` 183 կիլոգրամ: Սակայն այնպես չէ, որ հայազգի դյուցազնն անմեդալ մնաց մյուս վարժությունից: Ոչ. պոկումում գլխավերևում պահած 146 կիլոգրամը արժեցել է արծաթե մեդալ:
Բացի վերը հիշատակվածներից, Տալլինի առաջնությունում մենք էլի մասնակիցներ ունենք: Նրանք են Հայաստանը ներկայացնող Արևիկ Պապիկյանը (69 կգ քաշային կարգ, 20 տարեկանների առաջնություն), Հայկ Հակոբյանն ու Հրաչ Ղարիբյանը (+105 կգ քաշային կարգ, 23 տարեկանների առաջնություն), Կարեն Թովմասյանը (Հոլանդիա, 85 կգ քաշային կարգ, 23 տարեկանների առաջնություն) և Ռուսաստանի Դաշնության դրոշի տակ հանդես եկող Կարեն Մարտիրոսյանը (+105 կգ քաշային կարգ, 20 տարեկանների առաջնություն):
Դատելով մարզիկների հայտավորած արդյունքներից` մեդալների հույս կարող ենք ունենալ լոկ Հայկ Հակոբյանից ու Կարեն Մարտիրոսյանից: Սակայն եկեք չշտապենք ինչպես մեր ակնկալիքներում, այնպես էլ մարզիկների ելույթին տրվելիք գնահատականներում, թեպետ, եթե նրանք են հայկական ծանրամարտի վաղվա օրը, ուրախանալու առանձնապես բան չկա, մանավանդ երբ նայում ենք արդյունքներին` դրանք համեմատության մեջ դնելով ուրիշների հետ: Հայկական ծանրամարտում ինչ-որ բան լրջորեն բեկված է, իսկ եթե կուզեք ճիշտը իմանալ, առանձնապես զահլա էլ չկա նաղլ ասելու պատրաստ մասնագետներին ու ֆունկցիոներներին լսելու: Մինչ մենք էստեղ քամի ենք էն բանից անում, աշխարհն իր գործն է անում: Չակերտներ չեմ ուզում բացել, բայց եթե պիտի ասեն, թե աշխարհը դրա համար ինչ-որ ձևեր է բանեցնում, հարց եմ տալիս` իսկ ի՞նչ է, մենք չէի՞նք բանեցնում: Ես որքան գիտեմ, Հայաստանում պետական մակարդակով ոչ ծանրամարտի ֆինանսավորումն է պակասեցվել (Գագո ձյաձյան էլ` ձեզ փեշքեշ), ոչ էլ նույն պետական մակարդակով մարզաձևի նկատմամբ ուշադրությունն է նվազել (Գագո ձյաձյան` դարձյալ ձեզ փեշքեշ ու փեշքեշ):
Էլի բաներ ասե՞մ:
Եթե հակընդդեմով ինչ-որ մեկը կուզենա ճառել, պատրաստ ենք զրույցի բռնվելու:
Ե՛վ բաց, և՛ փակ զրույցի:
Զրույցի բռնվողի ենք փնտրում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ